Ի գիտություն
Հայաստան այցելելու համար անհրաժեշտ ճամփորդական խորհուրդներ
Նախատեսու՞մ եք ուղևորություն Հայաստան: Մեր երկիրն առաջարկում է հիասքանչ բնապատկերներ, հնագույն վանքեր և ջերմ հյուրընկալություն: Ձեր ուղևորությունը հեշտ և հաճելի դարձնելու համար ներկայացնում ենք մի քանի կարևոր ճանապարհորդական խորհուրդ, որ կօգնի Ձեզ ավելի արհեստավարժ կերպով ճամփորդել Հայաստանում: Այս ուղեցույցը լուսաբանում է տարատեսակ թեմաներ՝ մշակութային վարվելակարգից և տրանսպորտից մինչև փող խնայող հնարքներ և անվտանգության խորհուրդներ:
Հետևեք այս խորհուրդներին՝ Ձեր Հայաստանյան ճամփորդությունից առավելագույնը ստանալու համար:

Անվտանգություն
- Լավ լուր։ Երևանը՝ ըստ միջազգային լրատվամիջոցների, հետևողականորեն ճանաչվում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը։ Ուշ գիշերով փողոցներով քայլելը ավելի ապահով է, քան Եվրոպական շատ քաղաքներում ցերեկվա ժամերին:
- Հանցավորության մակարդակը զգալիորեն ցածր է, ինչը տպավորություն է ստեղծում, որ հանցագործներ ընդհանրապես չկան կամ նրանք բոլորը ճաղերի ետևում են:
- Ինչպես տեղացիները, այնպես նաև հյուրերը անվտանգության բացարձակ զգացում են վայելում, այնպես որ Դուք կարող եք իսկապես հանգստանալ և վայելել այս ջերմ և հյուրընկալ երկրում գտնվելու ամեն մի պահ:
Խոսեք Հայերեն
- Հայաստանը համարվում է աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մեկը: Այնուամենայնիվ, կարելի է տեղացիներին դարձնել էլ ավելի ընկերասեր՝ մի քանի բառ հայերեն խոսելով։ Որոշ հիմնական ողջույնի խոսքեր և արտահայտություններ սովորելը անմիջապես կփոխի մարդկանց շփումը Ձեզ հետ և Դուք անպայման կգնահատեք Ձեր հանդեպ ջերմ վերաբերմունքը: Վայելե՛ք։
Ջուր
- Հայաստանը ունի սառցադաշտերից և լեռնային գետերից ստացվող քաղցրահամ, բարձրորակ ջուր, այդ իսկ պատճառով բոլոր տեղերում կգտնեք խմելու ցայտաղբյուրներ, որոնք հայտնի են նաև «պուլպուլակ» անվանմամբ: Դուք վստահ կարող եք ջուր խմել ցանկացած «պուլպուլակից» կամ անմիջապես ծորակից, քանի որ երկրի ջրի մաքրման համակարգերը գերազանց են աշխատում:
- Այնուամենայնիվ, հիշեք, որ Դուք օտար երկրում եք և տեղական ջուրն ու սնունդը կարող են պարունակել Ձեր օրգանիզմի համար անսովոր բակտերիաներ: Եթե ստամոքսի խանգարում եք նկատում, դա չի նշանակում, որ ինչ-որ բան այն չէ սննդի կամ խմիչքի հետ՝ պարզապես Ձեր օրգանիզմը հարմարվում է տեղական միկրոբներին: Եթե Ձեզ լավ չեք զգում՝ դեղատուն այցելությունն անպայման կօգնի: Թույլ մի տվեք աննշան անհանգստությանը խանգարել Ձեզ վայելել հայկական համեղ խոհանոցը:
Տաքսի
- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Երևան հասնելու ամենահարմար տարբերակը տաքսին է։ Ուղեվարձը սովորաբար տատանվում է 2500-3000 ՀՀ դրամի սահմաններում։
- Թեև շատ վարորդներ սպասում են Ձեզ օդանավակայանի կայանատեղիում՝ տեղափոխում առաջարկելու համար, սակայն նրանց գները սովորաբար շատ ավելի բարձր են: Գումար խնայելու համար, անմիջապես օդակայանից կարելի է զանգահարել տաքսի ծառայություն և պայմանավորվել, որպեսզի մեքենան մոտենա ժամանման սրահի մուտքի մոտ: Եվ վերջապես, լավագույն և ամենաէժան լուծումը Ձեզ համար կլինի տեղական տաքսի ծառայությունների հավելվածների ներբեռնումը։
Ճիշտ արժույթ
- Չկա ավելի վատ բան, քան ժամանել նոր երկիր և առաջին իսկ օրը չունենալ տեղական արժույթ: Թեև Երևանի սուպերմարկետների և ռեստորանների մեծ մասն ընդունում է քարտերով վճարում, այնուամենայնիվ, Ձեզ հետ կանխիկ գումար վերցնելը լավ գաղափար է: Երևանի կենտրոնում կգտնեք բազմաթիվ տարադրամի փոխանակման 24/7 կետեր, ինչը հեշտացնում է րոպեների ընթացքում հայկական դրամի ձեռք բերումը: Տեղական կանխիկ գումարի կարիքը կունենաք նաև Երևանից դուրս մեկնելիս, քանի որ գյուղական վայրերում շատերը նախընտրում են կանխիկ գործարքներ կատարել:
Երթևեկություն
- Չնայած Երևանը համեմատաբար փոքր քաղաք է, այն հաճախ լի է մեքենաներով և ավտոբուսներով: Բարեբախտաբար, այն ավելի անվտանգ է հետիոտների համար, քան արևմտյան շատ քաղաքներ: Փոքրիկ հուշում՝ Ձեր անվտանգությունն ապահովելու համար զգոն եղեք փողոցները հատելիս, օգտվեք հետիոտնային անցումներից և ուշադրություն դարձրեք լուսացույցներին։
Շփվեք տեղացիների հետ
- Թեև Հայաստանը էթնիկ առումով ամենամիատարր երկրներից մեկն է աշխարհում, հայերը հայտնի են իրենց հանդուրժողականությամբ և, առաջին հերթին, ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Եթե հարգանք ցուցաբերեք նրանց նկատմամբ, Ձեզ կդիմավորեն նույն կերպ, ինչպես նաև օգնելու անկեղծ պատրաստակամությամբ: Շփվեք տեղացիների հետ և անմիջապես կզգաք նրանց հյուրընկալ էությունը:
Հայաստան այցելելու լավագույն շրջանը
- Անկախ նրանից, փնտրում եք հարմարավետ ձմեռային հանգստավայր, թե արևոտ ամառային հանգիստ, Հայաստանն իր գրավչությունն ունի յուրաքանչյուր եղանակի համար: Երկիրը հիացնում է տարվա չորս եղանակներին՝ շոգ ամառներով, զով աշուններով, խաղաղ ձմեռներով և կենսունակ գարուններով: Իր ապշեցուցիչ լանդշաֆտներով և բազմազան տեղանքով Հայաստանը բնական գեղեցկության գանձարան է, ինչը այն դարձնում է իդեալական վայր արկածների և ճամփորդության համար: Ամռանը ջերմաստիճանը սովորաբար տատանվում է + 30ºC մոտ, մինչդեռ ձմռանը միջինում լինում է - 5ºC: Երևանում ձմեռները մեղմ են՝ թույլ ձյան տեղումներով, բայց լեռնային շրջանները, ինչպիսիք են Ծաղկաձորը և Դիլիջանը, վերածվում են ձյունածածկ դրախտների: Անկախ տարվա եղանակից, Հայաստանի հիասքանչ բնությունը հրավիրում է ձեզ զգալ նրա հմայքը: