Մուտքի Կանոններ

Հայաստան մուտքի կանոններ՝ վիզա և ճանապարհորդական պահանջներ

Վիզա

Հայաստանը հյուրընկալ երկիր է, որը ցանկանում է ընդունել այցելուներին ամբողջ աշխարհից և կիսել իր հյուրընկալությունը: Տարբեր երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի, իսկ մյուսները կարող են վիզա ստանալ ժամանելուն պես: Այն երկրների քաղաքացիները, որոնք ըստ համաձայնագրի կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի՝ մեկ տարվա ընթացքում իրավունք ունեն մնալ մեր երկրի տարածքում մինչև 180 օր, եթե այլ բան նախատեսված չէ երկրների միջև հատուկ օրենքներով, դրույթներով կամ պայմանագրերով:
Շատ երկրների քաղաքացիները պետք է ունենան վավեր անձնագիր, որի վավերականության ժամկետը կազմում է վերադարձի օրվանից առնվազն վեց ամիս: Բացի այդ, որոշ երկրների քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Հայաստան՝ օգտագործելով իրենց ազգային նույնականացման քարտերը:
Հայաստանի վիզաների և մուտքի կանոնակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայք՝
www.mfa.am.

Ժամանումը Հայաստան

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում, չունի ելք դեպի ծով։ Այստեղ կարող եք գալ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ կախված Ձեր գտնվելու վայրից: Անկախ նրանից, թե ժամանում եք օդանավով, թե մեքենայով եք գալիս՝ Հայաստան հասնելը շատ հարմար է:

Օդային ճանապարհով

Հայաստանն ունի երկու միջազգային օդանավակայան՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները։ Երկու օդանավակայաններն էլ ընդունում են բազմաթիվ միջազգային ավիաընկերություններ, այդ թվում՝ Fly Dubai, Qatar Airways, Air France, Austrian Airlines, Georgian Airlines, LOT, Lufthansa, Wizz Air և այլն: Թռիչքների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ www.zvartnots.aero

Ցամաքային ճանապարհով

Հայաստանը բաց սահմաններ ունի Վրաստանի և Իրանի հետ՝ այն հասանելի դարձնելով մեքենայով կամ ավտոբուսով։

  • Վրաստան. Ամենօրյա ավտոբուսային և ֆիքսված տաքսի ծառայություններ են գործում Երևանի և Թբիլիսիի միջև՝ անցնելով Բագրատաշենի անցակետով: Ճանապարհը տևում է մոտ 6-8 ժամ։
  • Իրան. Հայաստանից Իրան միակ ցամաքային սահմանը գտնվում է Մեղրիից 5 կմ հեռավորության վրա: Երևանից Մեղրիով Թավրիզ և Թեհրան են շարժվում կանոնավոր ավտոբուսներ։

Գնացքով

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ երկաթուղային կապ ունեն. Երևանից Թբիլիսի գնացքը մեկնում է զույգ օրերին, իսկ Թբիլիսիից Երևան՝ կենտ օրերին։ Ճանապարհորդության տևողությունը մոտավորապես 10-12 ժամ է, Երևանի գնացքը մեկնում է 21:30-ին և Թբիլիսի է հասնում հաջորդ օրը առավոտյան 07:50-ին: Բաթումիից կարելի է Երևան մեկնել նաև գնացքով։ Տոմսերը կարելի է պատվիրել առցանց:

Ամբողջական չվացուցակների և մանրամասների համար այցելեք UKZHD Ticketing կամ ստուգեք ՀՀ երկաթուղու պաշտոնական կայքը:

Մաքսային ներմուծման և արտահանման կանոնակարգեր

Այս բաժինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և երկրից դուրս արտահանման հետ կապված հիմնական կանոնակարգերը:
Այցելուներին թույլատրվում է առանց մաքսատուրքի անձնական իրեր բերել ոչ առևտրային օգտագործման համար՝ ապրանքի տեսակից ելնելով գործում են հետևյալ սահմանափակումները՝

  • Անձնական ապրանքներ, որոնց արժեքը կազմում է մինչև 500 ԱՄՆ դոլար
  • Ծխախոտային արտադրանք՝ 200 սիգարետ
  • Ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ մինչև 2 լիտր

Օգտագործված անձնական իրերը, օրինակ՝ հագուստը կամ էլեկտրոտեխնիկան, ազատվում են մաքսատուրքից, եթե դրանք ֆիրմային փաթեթավորմամբ կամ պիտակավորված չեն, քանի դեռ դրանք անձնական օգտագործման համար են և տեղափոխվում են անհատի կողմից:
Հնաոճ իրերի, թանկարժեք քարերի, մետաղադրամների, ձեռագրերի և մշակութային այլ իրերի ներմուծումն ու արտահանումը պահանջում է համապատասխան մարմինների թույլտվություն։
10,000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ դրամը (կամ դրա համարժեքը այլ արժույթներով), ինչպես նաև ճանապարհորդական չեկերը ԵԱՏՄ երկրներից արտահանելիս պետք է հայտարարագրվեն ։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայք՝

www.petekamutner.am

Scroll to Top