Օգտակար Տեղեկություններ
Օգտակար տեղեկատվություն Հայաստան մեկնողների համար
Լեզու և հաղորդակցություն
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, թեև շատերը խոսում են նաև ռուսերեն, իսկ անգլերենը բավական տարածված է, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում:
Հայերենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, սակայն կազմում է իր առանձին ճյուղը։ Այն գոյություն ունի մ.թ.ա 9-րդ դարից։ Հայոց լեզուն ունի երկու հիմնական բարբառ՝ արևմտահայերեն և արևելահայերեն։
Հայերն օգտագործում են իրենց ուրույն այբուբենը, որը բաղկացած է 39 նիշից՝ այն, 405 թվականին, ստեղծել է գիտնական և քահանա Մեսրոպ Մաշտոցը։

Ինտերնետ և ՍԻՄ քարտեր
Հայաստանի հեռախոսային կոդն է՝ +374 (կամ 00374): Քաղաքային հեռախոսահամարները սովորաբար սկսվում են հետևյալ կոդերով՝ 010, 011, 012 և 060: Քաղաքային հեռախոսահամարին զանգահարելու համար օգտագործեք հետևյալ ձևաչափը՝ +374-10 / 11 / 12 / 60:
Հայաստանի հեռախոսահամարների մեծ մասը վեցանիշ է, թեև որոշ մարզեր կարող են ունենալ հնգանիշ համարներ:
Հայաստանում կա երեք խոշոր բջջային օպերատոր.
• Թիմ (կոդերը՝ +374-91, +374-99, +374-96, +374-43, +374-33)
• Viva (կոդերը՝ +374-93, +374-94, +374-98, +374-77)
• Ucom (կոդերը՝ +374-55, +374-95, +374-41)
Բջջային SIM քարտերը հասանելի են օդանավակայանում կամ բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում՝ բավական մատչելի գներով:
Ձեր հաշվեկշիռը կարող եք լիցքավորել կրպակներում, սպասարկման կենտրոններում կամ բանկային բջջային հավելվածների միջոցով: Քաղաքում կարող եք հանդիպել բազմաթիվ վերալիցքավորման տերմինալներ:
Ինտերնետ հասանելի է Հայաստանի ողջ տարածքում՝ գործող 3G, 4G և 5G ցանցերով: Հանրային Wi-Fi-ը լայն տարածում ունի և այն կարող եք գտնել այնպիսի վայրերում, ինչպիսիք են մետրոյի կայարանները (միայն կայարաններում), որոշ զբոսայգիներ, սրճարաններ, ռեստորաններ և հյուրանոցներ:

Դրամ և վճարումներ
Հայաստանի պետական արժույթը Հայկական Դրամն է, որն օգտագործվում է 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Արժույթի խորհրդանիշը հայկական խաչված D տառն է (֏)։
Դրամի թողարկման բացառիկ իրավասություն ունի միայն ՀՀ կենտրոնական բանկը։ Բոլոր ֆինանսական գործարքներն իրականացվում են ՀՀ դրամով։
Շրջանառության մեջ գտնվող մետաղադրամները հետևյալն են՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ, իսկ թղթադրամները՝ 1000, 2000, 5000, 10.000, 20.000, 50.000 և 100.000:
Արտարժույթի արդի փոխարժեքներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կենտրոնական բանկի կայք՝ www.cba.am կամ https://rate.am -ի միջոցով ստուգել Հայաստանի տարբեր բանկերի ընթացիկ փոխարժեքները:
Հայաստանում ճամփորդելիս հարմարության համար հարկ է ունենալ ինչպես կանխիկ, այնպես էլ քարտեր: Հիմնական քարտերի տեսակները՝ VISA-ն, Mastercard-ը և American Express-ը, լայնորեն ընդունվում են:
Տեղական և միջազգային բանկերի բանկոմատները շատ են՝ գործարքները իրականացվում են միայն հայկական դրամով։

Անվտանգություն
Հայաստանը տարիներ շարունակ դասվում է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ 10-յակում։ Հայերը մեծապես արժևորում են պատիվն ու համայնքը՝ ունենալով ուժեղ թիմային զգացում: Ցանկացած անազնիվ վարքագիծ արտացոլվում է ոչ միայն անհատի, այլև նրա ընտանիքի և ընկերների վրա՝ ստեղծելով ամուր սոցիալական կապ, որը խանգարում է նման գործողություններին: Պատասխանատվության այս զգացումն օգնում է վստահ լինել, որ այցելուները կլինեն անվտանգ և վստահելի միջավայրում:
Հայաստանի անվտանգությունը այն դարձնում է ընտանեկան հանգստի ամենաիդեալական ճանապարհորդական ուղղություններից մեկը։

Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր միջազգային հարաբերությունների ընդլայնմանը և արտաքին քաղաքական կապերի ամրապնդմանը։ Այն զգալի ջանքեր է գործադրում իր դիվանագիտական նպատակներին հասնելու համար։ Հայաստանը այլ ազգերին և միջազգային կազմակերպություններին համագործակցության բարենպաստ պայմաններ է առաջարկում՝ ակտիվորեն մասնակցելով համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների լուծմանն ուղղված քննարկումներին:
2025 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 40 դիվանագիտական ներկայացուցչություններ, 50 պատվավոր հյուպատոսություններ և դիվանագիտական կարգավիճակ ունեցող 27 միջազգային կազմակերպություններ։ Ներկայացված երկրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.mfa.am/ru/by-country/ :
Ներկայումս մի քանի նշանավոր միջազգային կազմակերպություններ գրասենյակներ ունեն Հայաստանում, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱՁԻԱՀ-ը և այլն: Այս կազմակերպությունների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք Հայաստանի արտգործնախարարության կայք՝ https://www.mfa.am/ru/international-organizations/ :
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով՝ www.mfa.am :

Տոնական և հանգստյան օրեր
Հայաստանում աշխատանքային շաբաթը տևում է երկուշաբթիից ուրբաթ, իսկ շաբաթ օրը հիմնականում ավելի կարճ աշխատանքային օր է: Պետական գրասենյակների համար սովորական աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 9:00-ից մինչև 18:00-ը, մինչդեռ խանութներն ու առևտրի կենտրոնները սովորաբար բաց են մնում մինչև 21:00-ն: Սուպերմարկետները հաճախ բաց են լինում մինչև կեսգիշեր, իսկ որոշները աշխատում են նույնիսկ 24 ժամ:
Հայաստանում ամենաերկար արձակուրդները Ամանորի տոնակատարություններն են, որոնք սովորաբար տևում են 5 օր։ Հայաստանում հանգստյան օրերին ընկած արձակուրդները սովորաբար չեն տեղափոխվում հաջորդ աշխատանքային շաբաթ։ Ստորև ներկայացնում ենք տոնական և ոչ աշխատանքային օրերի ցանկը.

Ամսաթիվ | Անվանում | Կարգավիճակ |
Դեկեմբերի 31 — Հունվարի 3 | Ամանոր | Ոչ աշխատանքային օր |
Հունվարի 5-6 | Սուրբ Ծնունդ | Ոչ աշխատանքային օր |
Հունվարի 7 | Հանգուցյալների հիշատակի օր (Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող օրը) | Ոչ աշխատանքային օր |
Հունվարի 28 | ՀՀ Բանակի օր | Ոչ աշխատանքային օր |
Փետրվարի 19 | Գիրք նվիրելու օր | Աշխատանքային օր |
Փետրվարի 21 | Հայոց լեզվի օր | Աշխատանքային օր |
Փետրվարի 28 | Սումգայիթի զոհերի հիշատակի օր | Աշխատանքային օր |
Մարտի 8 | Կանանց միջազգային օր | Ոչ աշխատանքային օր |
Ապրիլի 7 | Մայրության և գեղեցկության օր | Աշխատանքային օր |
Ապրիլի 24 | Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր | Ոչ աշխատանքային օր |
Մայիսի 1 | Աշխատանքի օր | Ոչ աշխատանքային օր |
Մայիսի 9 | Հաղթանակի և խաղաղության օր (Եռատոն՝ 2-րդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր, Հայոց բանակի կազմավորման օր) | Ոչ աշխատանքային օր |
Մայիսի 18 | Թանգարանների միջազգային օր | Աշխատանքային օր |
Մայիսի 28 | Առաջին Հանրապետության օր | Ոչ աշխատանքային օր |
Հունիսի 1 | Երեխաների պաշտպանության օր | Աշխատանքային օր |
Հուլիսի 5 | Սահմանադրության օր | Ոչ աշխատանքային օր |
Սեպտեմբերի 1 | Գիտելիքի օր | Աշխատանքային օր |
Սեպտեմբերի 21 | Անկախության օր | Ոչ աշխատանքային օր |
Դեկտեմբերի 7 | Երկրաշարժի զոհերի հիշատակի օր | Աշխատանքային օր |
Եկեղեցական տոներ
Ամսաթիվ | Անվանում | Կարգավիճակ |
Զատիկ (համաձայն եկեղեցական օրացույցի) | Սուրբ Զատիկ | Ոչ աշխատանքային օր |
Զատկին հաջորդող օրը | Հանգուցյալների հիշատակի օր | Ոչ աշխատանքային օր |
Սուրբ Ծննդյանը հաջորդող 40-րդ օրը | Տրնդեզ | Աշխատանքային օր |
Զատկին հաջորդող 98-րդ օրը | Վարդավառ | Կիրակի (Ոչ աշխատանքային օր) |
Հայաստանի տոնական ժամանակացույցն արտացոլում է ինչպես ազգային ավանդույթները, այնպես էլ նշանակալի կրոնական արարողությունները։
Ճանապարհորդության համար լրացուցիչ խորհուրդների կարիք ունե՞ք. ծանոթացեք մեր ուղեցույցների հետ և պլանավորեք ձեր կատարյալ հայկական հանգիստը: